Մի կտոր՝ հայոց էմանսիպացիայի պատմությունից․ Դեպի լուսաբաց տանող երկար ճանապարհը

Մի կտոր՝ հայոց էմանսիպացիայի պատմությունից․ Դեպի լուսաբաց տանող երկար ճանապարհը

Read in English

Read in Georgian 

(Ընթերցողին խրախուսում եմ ընթերցել ամբողջ հոդվածը։ Եթե ինչ-որ պատճառով համենայնդեպս ուզում եք կարճ կապել, բաց թողեք դրվագները)

Արթնացա՝ իմանալով, որ այս ժամերին հնար չի լինի մեքենայով հասնել կենտրոն։ 2018-ի ապրիլի 16-ի առավոտը լեցուն էր լինելու շատերի համար, որ մինչև կոկորդը կուշտ էին հովանավորչությունից՝ այպես կոչված ԽԾԲ-ից և սեփական ժողովրդից լիովին մեկուսացած իշխանություններից։ Խորհրդարանական փոքրամասնության առաջնորդը քաղաքացիներին կոչ էր արել փակել հիմնական փողոցները, կամուրջներն ու երթևեկության այլ կարևոր հանգույցներ։ Իշխող վերնախավի և հիասթափված քաղաքացիների միջև դիմակայության արդեն երրորդ օրն էր։

Քշեցի ճանապարհով՝ պատրաստ լինելով կանգնեցնել մեքենան, դուրս գալ և ութ կիլոմետրը ոտքով իջնել՝ աշխատանքի հասնելու համար։ Զառիթափի վերջում ուշադրությունս գրավեց ինչ-որ իրարանցում  Մինչ աչքս կհասցներ ինչ որ բան տեսնել, ականջիս հասան աղմուկ, գռեհիկ բառերի պատառիկներ ու ճիչեր։ Ջահել աղջիկ ու տղա մեքենաների ճամփան էին փակում իրենց մարմնով։ Ոմանք նստել էին մայթին, ոմանց փորձում էին հրելով հեռացնել, երբ նրանք ջանում էին կանգնել մեքենաների առաջ, ոմանց ֆիզիկապես սպառնում էին, որ հեռանան, բայց անօգուտ էր։ Մի աղջիկ էր առանձնանում, որ փորձում էր միայնակ դիմակայել մի տարեց տղամարդու հորդորներին, բղավոցներին ու քարոզ-պահանջներին, թե հիվանդանոց է գնում՝ կնոջը տեսնելու։ Բայց աղջկա վրա չէր ազդում բարոյական ճնշումը, որն ուղեկցվում էր նրա դեմ ֆիզիկական ուժի կիրառման փորձերով։ Նա աներեր էր․ օրվա առաջնորդը խնդրել էր փակել փողոցները, ու աղջիկը չէր պատրաստվում լինել այն վախկոտը, որ չկարողացավ ամուր մնալ իր նվաճած հողակտորի վրա։

Հիշողությունն ինձ տարավ իմ դեռահաս տարիք․ գույներն արդեն չքացել էին, բայց գործողություններն ու դեմքերը երբևէ այդքան վառ չէին եղել, որքան հենց այդ պահին։ Վավերագրական ֆիլմի պես մտքումս պտտվեցին 1988-ի ցույցերն ու երթերը, որ կաթվածահար էին արել քաղաքը ու պահանջում էին Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող հայաբնակ անկլավի վերամիավորումը Հայաստանի հետ։ Տղամարդիկ ու կանայք, հատկապես՝ կանայք, անխոնջ քայլում էին Երևանի փողոցներով և օրերով կանգնած՝ արդարություն պահանջում հարևան երկրի ազգային փոքրամասնության համար։ Շարժման կանայք զարմանալիորեն ներկա էին։ Անվախ ու աներեր, ոմանց նույնիսկ բե-տե-էռ էին կոչում (БТР – խորհրդային արտադրության ռազմական զրահամեքենա)։ Կանգնած էին առաջին շարքում՝ երբեմն հայտնվելով խորհրդային տանկերի ու զինվորների առաջ, որ ահ ու սարսափ էին սփռում Օպերայի շենքի տարածքից, դիմակայում էին շփոթահար ոստիկանությանը և ուղղակի խոպան էին թողնում տնային տնտեսուհու և մոր իրենց ավանդական պարտականությունները․ նրանք նվիրումի ու քաղաքական հասունության աննկարագրելի քայլեր էին դրսևորում։ Պատմությունն այդտեղ ավարտվեց։ Նրանք իրենց ներկայությամբ առաջնորդի դեր չստանձնեցին անկախացումից հետո։ Հակառակը՝ չքացան, հետ դարձան իրենց խոհանոցներն ու ավանդական դերերին։ Քսան տարի անց՝ ապրիլի այդ օրը, զգացի, թե ոնց սիրտս ճմլվեց։ Պատմությունը կրկնվելու է՝ մտածեցի։

23 օր անց՝ մայիսի 8-ին, ամբողջ ազգի աչքերի առաջ, որ ամեն տեսակ էկրանի էին գամվել՝ գլխավոր հրապարակից մինչև տուն ու գրասենյակ, վարչապետի պաշտոնում ընտրվելու քվեարկությունից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որում գնահատանքի էր արժանացնում կանանց աննախադեպ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքում։ Սա միանշանակ չափազանցություն էր, բայց արտասովո՛ր չափազանցություն, քանի որ Հայաստանի արդի պատմության ընթացքում դեռ ոչ մի առաջնորդ այդպիսի ուշադրություն չէր հրավիրել կանանց վրա։ Կարծես դա քիչ էր ցնցելու համար, ապագա վարչապետը խոստովանեց, որ Սիրո և համերաշխության անունով կնքված հեղափոխությունն իր հաջողության համար պարտական է կանանց լայնածավալ մասնակցությանը։ Կոչով դիմելով կանանց՝ նա, մասնավորապես, աղերսեց այսուհետև նվիրված մնալ քաղաքական կյանքին՝ որպես երկրի զարգացման ու ամրապնդման խոստում։ Սա սենսացիոն կոչ էր։

Հաջորդող օրերին Կառավարության նոր պաշտոնյաներ էին նշանակվում, և աշխույժ քննարկումներ էին ընթանում սոցիալական ցանցերում։ Շատ կանայք նախաձեռնություն էին ցույց տվել և իրենց թեկնածուներին էին առաջ քաշում այս կամ այն պաշտոնի համար։ Բացառապես տղամարդկանց նշանակելու ավանդույթի շարունակումն ինչ-որ պահից հարցեր առաջացրեց կանանց շրջանում, և նրանք սկսեցին բարձրաձայնել իրենց դժգոհությունն այդ փաստի կապակցությամբ, որը նրանք հեղափոխությանն ուղղված մեծ հարված էին համարում։  Հետաքրքիր էր դիտարկել, որ 47 տոկոսն այժմ արդեն անբավարար էր համարում միայն երկու կանանց նշանակումը նախարարական պաշտոններում, ինչպես հաղորդում էր Հանրային լրագրության ակումբը[1]։ Հետո խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ խմբակցության ղեկավար ընտրվեց մի կին՝ իր ծագող քաղաքական աստղով, որ նրան առանձնացնում էր բոլոր հայտնի կին գործիչներից։ Լենա Նազարյանը դարձավ «Ելք» խմբակցության ղեկավարը՝ այն ուժի, որ նախաձեռնել էր խաղաղ շարժումն ու իշխանափոխությունը։ Պետք է չմոռանալ, որ այս ամենը ծավալվում էր այժմ արդեն խորհրդարանական և ոչ թե նախագահական հանրապետությունում։  

Քսան տարի առաջ ուժ և իշխանություն դրսեւորած կանայք շատ չէին տարբերվում այսօր փողոց դուրս եկած իրենց դուստրերից, բայց նրանց համար լույսը չբացվեց։ Այնինչ հենց հաջորդ սերունդը քաղաքական ներկայացվածություն է պահանջում մասնակցության դիմաց և՝ ի հաստատում այն բանի, որ հավասար է իր տղամարդ համախոհների հետ։ Ո՞րն էր ուրեմն տարբերությունը, որ դա հնարավոր դարձրեց։ Ինչո՞ւ ո՛չ երեկ, ինչո՞ւ այսօր։

***

Փաստ է, որ կամքի ուժն ու հռչակագիրն է, որ եղանակ են ստեղծում, այնուհանդերձ շատ կարևոր է հասկանալ այսօրվա և երեկվա իրողությունները, քանի որ դրանց վրա են խարսխված մեր ինքնությունները։ Այն օրակարգը, որ ուներ 1980-ականների խորհրդային կինը, աշխարհի չափ հեռու է այն օրակարգից, որ ունի ժամանակակից կինը, որ կարող է ձևավորել և գործադրել։ Ուստիև շատ կարևոր է հասկանալ սրանց թիկունքում առկա քաղաքական, տնտեսական և սոցիալական ուժերը, եթե ձգտում ենք գոնե բացել ճշմարտությունը ստվերող քողը։

Դրվագ 1 Սովետական ոճով մարդու իրավունքների ի հայտ գալը

Խորհրդային ներխուժումն  Աֆղանստան տեղի ունեցավ այն ժամանակ, երբ տնտեսությունն արդեն ուժասպառ էր եղել, քանի որ 70 տոկոս կարողությամբ սպասարկում էր զինված ուժերին և սպառազինությունների մրցավազքին՝ սպառողներին թողնելով պլանային տնտեսության լուսանցքում։ Միակուսակցական համակարգում խորհրդային մարդն իրեն օտարված ու տնտեսապես ճնշված էր զգում։ Արևմուտքի և Արևելքի միջև դիմակայությունը թեժացնող ամենակուլ պատերազմական մեքենան ի վերջո անպետք դուրս եկավ։ Ռազմական հայեցակարգը փոխակերպվել էր Երկրորդ աշխարհամարտից հետո, որը մոջահեդների ապստամբական մարտավարությամբ բացահայտեց խորհրդային զորքերի, տեխնոլոգիայի և ստանդարտ օպերացիաների խոցելի կողմերը՝ այնպիսի կորուստներ պատճառելով, որ այլևս շատ դժվար էր թաքցնել նույնիսկ մի երկրում, որտեղ լրատվամիջոցներն աքցանի մեջ էին։

Լեհաստանի «Սոլիդարնոշչ» («Համերաշխություն» - թրգմ․) շարժումը 1980-ականների սկզբին երևան բերեց խորհրդային գերիշխանության մեկ այլ թույլ կողմ։ Ի տարբերություն անցյալ նախադեպերի՝ ԽՍՀՄ-ը հրաժարվեց զորքեր ուղարկել ու ճզմել շարժումը՝ այդ գործը թողնելով տեղի քաղաքական ղեկավարությանը։ Սա հստակ ուղերձ եղավ Արևմուտքին, որ տնտեսությունն անդառնալի ճաքեր է տվել և մի վերջին քամին ծնկի կբերի այդ պատկառելի կայսրությունը։ 1972-ին սկսված Ռազմավարական սպառազինությունների սահմանափակման բանակցություններին (SALT), որ մի կերպ գլուխ բերվեցին 1980-ի սկզբին, այժմ փոխարինելու եկավ մի նոր Ռազմավարական պաշտպանական նախաձեռնություն, որն ավելի հայտնի էր որպես «Աստղային պատերազմներ»։ Սա պետք է հակաբալիստիկ պաշտպանություն ստեղծեր՝ ԽՍՀՄ-ին խոցելի թողնելով առաջին միջուկային հարվածի առաջ։ Բնականաբար, այդ ժամանակվա պոլիտբյուրոյի արձագանքը եղավ ծախսերի ավելացումը, որը դարձավ պատմության վերջը տանող հետհաշվարկի ուղեկիցը։

1986-ի ապրիլին տեղի ունեցած Չեռնոբիլի աղետը կարծես թե ուղիղ կապ չուներ այս ամենի հետ, բայց երևան բերեց 1960-ականների սկզբից բնապահպանությամբ տարված խմբերին, որ ծառայեցին որպես Պերեստրոյկայի ծագման խորքային ուժ։ Դրան ամրագրված «գլասնոստ»-ի («հրապարակայնություն») կարգախոսին զուգահեռ՝ բնապահպանությունը շղթայական ռեակցիա հարուցեց, որը հանգեցրեց ազատագրական շարժումների գրոհի։ Բնությունը պահպանելու մասին խոսույթն առաջինը ներմուծվեց ԿԳԲ-ի պետ Անդրոպովին մերձավոր պետական-կուսակցական վերնախավի հետ լուռ համաձայնությամբ։ «Սովետավարի» ինդուստրալիզացված և ուրբանիզացված նորահայտ միջին խավին մի նոր խոսույթ էր հարկավոր, որ կարտացոլեր նրա կենսակերպը՝ սակայն շարունակելով ծառայել կոմունիստական ուսմունքին։ Այն պետք է նաև զսպեր ռազմական արդյունաբերության նոմենկլատուրայի և ռազմական վերնախավի անընդմեջ էքսպանսիոնիստական ուժերը, որ սերտ ազդեցություն ունեին իշխող քաղաքական վերնախավի վրա։ Ապա նաև 1980-ականների սկզբին ծագող արևմտաեվրոպական պացիֆիստական կանաչ շարժումները, որ ծավալվում էին ամերիկյան «Փերշինգ» հրթիռների տեղակայման մասին խոսակցությունների ֆոնին, արևմտագերմանական «այլընտրանքային էկոլոգիական սոցիալիզմի» հետ դաշինքի հույսեր էին արթնացնում Խորհրդային Միությունում։ Ո՛վ իմանար, որ սեփական երկրում բնության պահպանության մասին քննարկումները հարցեր էին բարձրացնելու, որ հայցելու էին պլանային տնտեսության և քաղաքականության նպատակների վերաձևակերպում՝ առանցքում ունենալով մարդու կարիքները։   

Երբ 1986-ի դեկտեմբերի սկզբին Միխայիլ Գորբաչովը զանգեց Անդրեյ Սախարովին, որ ասի, որ նա և Ելենա Բոները կարող են աքսորից ու բանտարկությունից հետո Մոսկվա վերադառնալ, խորհրդային ժողովրդի օրակարգի շարժիչը «գլասնոստն» ու «պերեստրոյկան» էին։ Խորհրդային այլախոհների առաջնորդին, շատերի համար խաղաղության և մարդակենտրոնության մարմնավորում հանդիսացող մարդուն ուղղված այդ զանգը հրավեր էր՝ փորձելու ամոքել համակարգում առաջացած ճաքերը։ Երկրորդ աշխարհամարտի պատճառած ավերածությունները տեսած հայտնի ֆիզիկոս Սախարովին ստիպել էին հավատալ, որ միջուկային ծրագրի վրա աշխատելը պետք է պահպանի հավասարակշռությունը՝ երկարատև խաղաղություն ապահովելով։ Աֆղանստան ներխուժումն ու Ռազմավարական սպառազինությունների սահմանափակման բանակցությունները շատ շուտով վերջնականապես հիասթափեցրին նրան։ 1960-ականների վերջից նա միջուկային զենքի տարածման և սպառազինությունների մրցավազքի ակտիվ ընդդիմախոս դարձավ։ Նա սկսեց նաև խոսել տնտեսական անարդարությունների մասին, որոնց ենթարկվում էին աշխատավորները, չհիմնավորված բանտարկությունների մասին, ինչպիսին էր Սինյավսկիի և Դանիելի դատավարությունը, Խորհրդային Միությունով մեկ այլախոհական շարժումների ստորգետնյա հոսանքներ ստեղծելով։ 1970թ․-ին «Մարդու իրավունքների կոմիտեն», այնուհետև «Մոսկվայի հելսինկյան խումբը» ազդարարեցին «կոմունիզմի ուղու» գերեզմանը՝ վերահսկվող հիմնահոս և այլընտրանքային ուղիներով խոսույթի կենտրոն բերելով մարդկանց կարիքները (իրավունքներն ու ազատությունները) որպես ընդհանուր բնապահպանության անօտարելի մաս։

Դրվագ 2 Տնտեսություն, որն անվճարունակ դուրս եկավ կոմունիստական իդեալների իմաստով

Բայց ո՞վ էր խորհրդային մարդը՝ տնտեսական լծակների և իշխանության տիրապետելու առումով, երբ գլուխ էր բարձրացնում մարդու իրավունքների օրակարգը։ Դրսից՝ Մոսկվայի ուղիղ հրամանի ներքո նախարարություններից մինչև անդամ հանրապետությունների մայրաքաղաքներ, ռազմարդյունաբերական մեքենա և կոլեկտիվ գյուղատնտեսություններ, ամենը զգոն էին ընդդեմ հնարավոր պատերազմների և սովից խուսափելու համար։ Ներսից՝ կարիքն էր կանանց ու տղամարդկանց մշտական ուղեկիցը, քանի որ խոշոր գործարանների տնօրենները հաշվետու էին պետությանը, ոչ թե սպառողներին։ Ծաղկում էին սև շուկան և «տակից» գործարքները՝ ապրանքների և ծառայությունների արտոնյալ հասանելիության պատճառով անարդարության հանգեցնելով։ Արդյունաբերության միջին վիճակագրական աշխատավորի աշխատուժի արդյունավետությունը 1990-ի արդյունքի կեսն էր, իսկ գյուղատնտեսությունում մոտավորապես մեկ-երրորդից պակաս էր։ Թեպետև չարտոնված ձևով՝ պետության թիկունքում եկամուտի կողմնակի աղբյուր որոնելը 1980-ականներին բնորոշ պատմություն էր դարձել։ Սև շուկայում լրացուցիչ աշխատանքը, վարձով տալը կամ վերավաճառելը (չնայած սպեկուլյանտության համար դատվելու սպառնալիքին) չափազանց տարածված էր և իր կարգուկանոնն ուներ, այդ թվում՝ գենդերային։

Լայնածավալ պատերազմների վերջանալու հետ իր անկմանն էր հասնում նաև լայնածավալ արտադրությունը։ Պլանային տնտեսությունն այլևս ի վիճակի չէր ապահովելու իր ժողովրդի նույնիսկ ամենատարրական կարիքները։ Միջին Ասիայում տեղի ունեցած ժողովրդագրական կտրուկ աճը սահմանափակել էր աշխատաշուկան՝ շատերին զրկելով պատշաճ աշխատանքի հնարավորությունից։ Ավելի փոքր շուկաներում, որտեղ ծնելիությունն ավելի ցածր էր, բարձրագույն կրթություն ստանալու մակարդակը ԽՍՀՄ-ում, որ կարիերիային աճի ձգտելու մեկ այլ հավակնոտ պատճառ էր, սահմանափակ էր, ինչը շատերին ստիպում էր պատասխաններ որոնել ազգային հողի վրա ընկալվող խտրականության մեջ, որ խթանում էր ազգայնականությունը։ Այս համատեքստում, մի կողմից սպառազինությունների մրցավազքի, մյուս կողմից մարդու իրավունքների առումով համաշխարհային տխուր հռչակի պայմաններում, փակ սահմաններում գործելու սահմանափակ կարողությունով հանդերձ, Գորբաչովը հայտարարեց «Պերեստրոյկա» («Վերակառուցում»)։ Փորձելով բարեփոխել տնտեսությունը, ապահովել, որ միջին մակարդակի աշխատավորները գործազրկության չհասնեն լայնածավալ տնտեսության անկման հետ, իսկ բարձրակարգ աշխատավորները է՛լ ավելի չսրեն քաղաքական դժգոհությունը, Պերեստրոյկան նախ և առաջ միտում ուներ բարելավել աշխատավորների սոցիալական և աշխատանքային պայմանները։ Այնուհանդերձ, այն դրանով չէր ավարտվում։ Չափազանց շատ էին այն գործոնները, որ միատեղվել էին՝ առաջ մղելու «գլասնոստը»՝ ինչ-որ առումով խոսքի ազատության ռուսական համարժեքը։ Տնտեսական բարեփոխումն այժմ ուղեկցվելու էր թափանցիկությամբ, բայց արդյոք կկարողանա՞ր պահել իր տեմպը վերջինիս գլխապտույտ արագության հետ։ Ի տարբերություն տնտեսական մեքենայի, որն ավելի լավ տեսանելի էր օրվա նոմենկլատուրայի համար, ընդհատակյա խոսակցությունների և ցանցերի մեծ մասը, եթե նախորդիվ չէր բացահայտվել, ականապատ դաշտ էր, որ պայթեց ուղիղ խորհրդային ղեկավարության երեսին։ Դրա գաղտնի բնույթը բազմաթիվ անակնկալներ էր ամբարել այլախոհական շարժումների առաջնորդների համար, քանի որ դրա պտուղներից շատերը ազգայնական երանգ ձեռք բերեցին՝ ազատություններն ու իրավունքները միաձուլելով ազգային ազատագրական շարժումներին։

Դրվագ 3 Կանայք [երկնքի ու երկրի] արանքում Ազատագրման ասված զգացողությամբ և կրկնակի բեռով

Զարմանալի չէր, որ բախվելով տեկտոնական գործընթացներին՝ կանանց հարցը դեռ լիովին չամբողջականանալով, արդեն իսկ կորավ այս համազգային օրակարգի ներսում։ Մինչև 1970 թվականը կանայք կազմում էին բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կեսը և կառավարության աշխատուժի կեսից ավելին։ Բայցևայնպես, կանայք բախվում էին ապակյա առաստաղի ու սեգրեգացիայի՝ տնտեսապես, ինչպես նաև քաղաքական առումով, չնայած որ պետական պրոպագանդան հռչակել էր, որ կանանց հարցը («женский вопрос») այլևս խնդիր չէր իր սահմաններում։ Այնինչ կանայք կրկնակի բեռ էին զգում իրենց ուսերին՝ շատերը շարունակում էին տնային տնտեսուհու պարտականություններ կատարել՝ միաժամանակ լրիվ դրույք աշխատելով։ Պատմության մյուս հետաքրքիր կողմն այն էր, որ մինչ տնտեսությանը չէր հաջողվում ընտանիքի պլանավորման առավել արդյունավետ տարբերակներ առաջարկել, աբորտն էր կատարում բեղմնականխման գործառույթը։ Այնուհանդերձ, պատմական կտրվածքով՝ համեմատած իրենց մայրերի և տատերի հետ, նրանց կյանքը զգալիորեն բարելավվել էր Խորհրդային Միության օրոք։

Համենայնդեպս, երբ 1987-ին Սովետական կանանց կոմիտեն բարձրաձայն վիճարկեց «ժենսկի վոպրոսի» խորհրդային լուծումը, կանանց գիտակցությունը շատ հեռու էր այնպիսի հայեցակարգումից, ինչպիսին արդի արևմտյան գենդերային կատեգորիաներն էին։ 1980-ականների տնտեսական դժվարությունները, հին բյուրոկրատիայի հսկողությունը կազմակերպչական փորձերի նկատմամբ, մեկուսացվածությունը 1960-ականների և 1980-ականների միջազգային ֆեմինիստական շարժումներից ու գլասնոստի  բերած տեղեկատվական հեղեղը, ամենը խեղդում էին կանանց միահամուռ ոտքի կանգնելու որևէ հնարավորություն։ Ի լրումն, բարձրակարգ և միջին կարգի աշխատողների միջև ջրբաժանը այստեղ նույնպես բազմապիսի ինքնություններ էր ծնում, որոնց դժվար էր հաշտեցնել։ Մի կողմից ավանդական կինն էր, որ հիմնականում առկա էր գյուղացիների շրջանում և Երկրորդ աշխարհամարտի սերնդում։ Մյուս կողմից սովետական կինն էր՝ ազատագրված ու բեռնավորված, կրթված աշխատավոր-մայրը, որ տքնաջան աշխատանքի և անձնազոհության մարմնավորում էր։ Ի լրումն այս ամենի, այդ ժամանակվա շատ երիտասարդ կանայք  չէին ուզում խորհրդային կին լինել ու փորձում էին վերադարձի ճանապարհ գտնել դեպի ավելի կանացի առաքելություն կամ փորձում էին խույս տալ այդ բոլորից՝ հարստության հասնելու կարճ ճամփով՝ ամուսնությամբ։ Կանանց կտրվածությունը համաշխարհային ֆեմինիստական շարժումներից կանանց ինքնաընկալումը մնաց պրոտոֆեմինիզմի փուլում, որ փոփոխությունների ծովում դատապարտված էր նավաբեկության և լիակատար հիասթափության։

***

Վերադառնանք 2018։ Շատ բան է փոխվել։ Քաղաքի կանայք կրթություն են ստացել, որ զերծ է պետության հսկողությունից և հետզհետե մոտենում է արևմտյան կրթությանը։ Շատերը մասնակցել են կարճատև ու երկարատև կամ նույնիսկ առցանց դասընթացների, որ առաջարկում են օտարերկրյա համալսարանները, և տարբերվող մշակութային ու կրթական փորձառություն են ունեցել, որ մեծապես փոխել է նրանց քաղաքական և տնտեսական պահանջմունքները։ Նրանք գործում են մի քաղաքական համակարգում, որ այժմ առերևույթ հետևում է մարդու իրավունքների և ազատությունների մասին հիմնարար համաձայնագրերին, մի երկրում, որ բացահայտ հռչակել է բազմակուսակցական ժողովրդավարական կառավարում՝ ազատ շուկայով հանդերձ։ Կանայք աշխատում են հիմնականում պետական սեկտորում, նրանց աշխատավարձերը իրենց տղամարդ գործընկերների աշխատավարձի ընդամենը երկու-երրորդն է, բայց քաղաքային մեծ կենտրոններում ոմանք հաջողությամբ կարիերային առաջընթաց են գրանցում մասնավոր սեկտորում։ Նրանք գործում են մի միջավայրում, որ հողը վերադարձրել է ժողովրդին, պետական սեփականությունը մասնավորեցվել է, և մինչև 2018թ տնտեսությունն աճում էր՝ եկամուտ ստեղծելու հնարավորություն ընձեռելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու տուրիզմը։

Երբ խաղաղ շարժման առաջնորդներին ձերբակալեցին, ռեժիմն այն գլխատելու հույս ուներ, բայց կանայք ստանձնեցին հարթակի առաջնորդությունը և ապրիլի 22-ի երեկոյան տասներորդ ալիքի վրա պահեցին  էլեկտրականացված հանրությանը Հանրապետության հրապարակում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար։ Դիսկուրսը մեծապես քաղաքական էր, արձագանքը՝ զանգվածային։ Ավելի ուշ այդ երեկոյան թավաների ու կաթսաների աղմուկը հանկարծակի այս ու այնտեղ պատռեց գիշերը՝ անհանգստացնելով անտեղյակ մարդկանց․ դա ամբողջությամբ կանանց որոշումն էր՝ իրենց քույրերին հրավիրել բողոքն արտահայտել՝ առանց նույնիսկ դուրս գալու տնից։ Ապրիլի 25-ին Զառա Բաթոյանը, որ այն ժամանակ ակտիվիստ էր, իսկ այժմ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, հայտարարեց, որ թավաների ու կաթսաների ակցիան շարունակվելու է մինչև շարժման բոլոր պահանջները կատարվեն։ Սա ընդամենը մակերևույթն էր մի բանի, որ խորքային ուժեր ուներ ու կարիք ուներ բացատրության։

Բջջայինը դզզում էր մի քանի վայրկյանը մեկ։ Գաղափարներ էին քննարկում, նորություններ էին տարածում, հնարավոր վտանգների մասին էին զգուշացնում՝ բարձր լարվածության ու կատակների միջակայքում։ Երկրի բոլոր անկյուններում մեծ թվով կանայք անընդմեջ շարժման ու միմյանց հետ մշտական կապի մեջ էին՝ մեծմասամբ համատեղ ակցիաներ էին անում՝ փոքր խմբով փակելով փողոցները։ Նրանք բոլորն իրար ճանաչում էին կամ անմիջականորեն, կամ վստահելի ընկերուհիների միջոցով։ Բոլորն էլ համոզված էին, որ առկա էր կանանց հարց, բայց ի տարբերություն 1930-ականների և 1980-ականների իրենց մայրերի ժամանակվա «ժենսկի վոպրոս»-ի, նրանք մեկ քայլ առաջ էին գնացել։ Այդ պահի դրությամբ նրանք արդեն ծանոթ էին ֆեմինիզմի գաղափարներին, հիմնական գրականությանը, դիսկուրսներին, և շատերը հարում էին ֆեմինիզմի այս կամ այն ենթատեսակին։ Թեպետ մի սենյակում հայտնվելով՝ նրանք թեժ բանավեճ կունենային լավագույն ուղիների մասին, այնուամենայնիվ համոզված էին շարժման և իրենց քույրերի էմանսիպացիայի անավարտ գործի անհրաժեշտության մեջ։ Այդպես էին նրանք ընկալում ուրիշ կանանց՝ հենց քույրեր։ Նրանք տարբեր սոցիալական դիրք ունեին․ շատերն իրենց կյանքի որոշակի փուլում  ուղղակիորեն ներգրավված են եղել որոշակի ձևաչափով կանանց իրավունքների պաշտպանությունում։ Ոմանք կանանց իրավունքների նշանավոր պաշտպաններ են եղել իրենց ողջ կյանքում։ Բոլորն էլ զինված էին ինտերնետով և կապված էին աշխարհի գիտելիքի ամբարներին, և մեծամասնությունը կապված էր այլ վայրերի ակտիվիստական կետերի հետ։ Նրանք շատ տարբեր էին իրենց մայրերից՝ միայնակ ու մեկուսի։ Այնպես որ երբ եկավ նշանակումների ժամանակը, զարմանալի չէր, որ նրանք անհանգստացնելու էին առաջնորդներին՝ պահանջելով, որ գործեն ըստ սեփական խոսքի։

References:

  1. Crane, E. H. (1990). Private Property and Perestroika. Vital Speeches of the Day, 57(2), 58.
  2. Economic Reform and War. (2006). Demokratizatsiya, 14(2), 184–192.
  3. HARRISON, M. (2017). The Soviet Economy, 1917-1991: Its Life and Afterlife. Independent Review, 22(2), 199–206. 
  4. Holmes, L. (2013). Perestroika: A Reassessment. Europe-Asia Studies, 65(2), 186–197. 
  5. KOLST, P. (2008). Nationalism, ethnic conflict, and job competition: non-Russian collective action in the USSR under perestroika. Nations & Nationalism, 14(1), 151–169. 
  6. Pastukhov, V. B. (2012). Perestroika, Second Edition. Russian Social Science Review, 53(6), 62–90. 
  7. Николаевич, Ш. С. (2015). Суверенизация Советских Республик В Период Распада Ссср Через Призму Государственных Праздников. Society: Politics, Economics, Law, (4), 24–27.
  8. Noonan, N. C. (1994). Does consciousness lead to action? Exploring the impact of perestroika and post-perestroika on women in Russia. Journal of Gender Studies, 3(1), 47. 
  9. Raviot, J.-R. (2002). Ecology and the Deep Forces of Perestroika. Diogenes, 49(194), 120.
  10. Sixsmith, M. (2012) Russia: A 1,000-Year Chronicle of the Wild West. BBC Books: The Random House Group Limited.
  11. Tikhomirov, V. (2000). The Second Collapse of the Soviet Economy: Myths and Realities of the Russian Reform. Europe-Asia Studies, 52(2), 207–236. 
  12. Zvonovskii, V., & Belousova, R. (2007). Young People in the Secondary Employment Market. Russian Education & Society, 49(5), 26–48. 

 

 

 

 

 

 

[1] Հարցումն արվել է առցանց՝ օգտագործելով «Ֆեյսբուք» հարթակը։

0 Comments

Add new comment

Add new comment