Գիտելիքը որպես անհավասարություն վերարտադրելու միջոց․ հայացք Հայաստանից Եվրոպա

Read the article in English 

Anna Muradyan work

Հավանաբար մի օր կհասկանաս, որ տուն մաքրելն ու ճաշ եփելը ապագա չէ: Թեպետ դրանից առաջ ոչ մի կասկածներ չունեիր այդ մասին: Այդ մասին քեզ ասել էին տանը: Եթե տանն էլ ասած չլինեին՝ կարդացած կլինեիր դպրոցական դասագրքերում, որտեղ խոհանցում ճաշ պատրաստող մայրիկների ու հյուրասենյակում լրագիր կարդացող հայրիկների լուսանկարներ կան, լսած կլինեիր ավելի մեծ տարիքի ընկերուհիներիցդ ու տեսած կլինեիր ֆիլմեր, որոնք ամրապնդած կլինեին սովորածդ ու լսածդ: Ու, ընդհանրապես, մինչև հասուն մարդ դառնալդ՝ արդեն ներքնայնացրած կլինեիր այդ գիտելիքը: Այն աստիճան, որ տարիներ հետո երբ ինչ-ինչ խնդիրներ առաջանան ընտանիքում, իսկ խնդիրներ միշտ առաջանում են այն մասին, թե, օրինակ, ինչու ճաշը ժամանակին պատրաստ չէ կամ, թե ինչու կահույքի վրայի փոշին մեկ միլիմետր հաստությունից սպառնում է վերաճել մեկ սանտիմետրի, երբ այդ նույն ժամանակ ամուսինդ՝ ոտքերը տնկած հանգստանում է,  դու խնդիրների ակունքը կփնտրես այլ տեղ ու երբեք չես խնդրականացնի այդ գիտելիքի բնական լինելը:  

Քո մտքով չի անցնի, որ այն ինչ համարվում է բնական, կարող է բոլորովին էլ բնական չլինել: Պարզապես տարիների ու սովորույթի ուժն են, որ դրանց հաղորդել են բնական լինելու ամրությունն ու սահմանել բնականությունը որպես նախասահմանված՝ հղվելով ժամանակի ընթացքում կուտակված գիտելիքին: Սակայն ժամանակն ինքնին անսահման է, իսկ գիտելիքն ինքնին նախասահմանված չէ: Ավելին: Այն չեզոք չէ: Գիտելիքը, որ դասավանդվում է դպրոցներում ու համալսարաններում: Այդ գիտելիքը ներկայացնում է կոնկրետ մարդկային խմբի ընկալումներն ու պատկերացումները աշխարհի մասին՝ աստիճանակարգված սկզբունքով, որը կիրառվում է նույնիսկ այդ նույն կոնկրետ մարդկային խմբի ներսում:

Բայց դու դեռ այդ մասին չգիտես: Ընդհանրապես դու չգիտես, որ բնությունը նույնպես սահմանված է: Այն ժամանակի ընթացքում մանրակրկտորեն մտածվում, սահմանվում, խմբագրվում ու վերասահմանվում է: Տարբեր սուբյեկտների կողմից, որից մեկն էլ դու ես: Ինչպես նաև ձեր հարևան կանայք, որոնք սուրճի սեղանի շուրջ քննարկում են քո օժիտի բովանդակությունը, կամ՝ ձեր բակում պարապ թրև եկող տղամարդիկ, որոնց բան ու գործը անց ու դարձող աղջիկների պոզն ու պոչը տնտղելն է:

Դու դեռ գրեթե 25 տարեկան ես: 25 տարեկան հայ աղջիկ՝ սովետական անցյալով: Մեծացած՝ Հայաստանի գավառական Ն քաղաքում՝ մայրաքաղաքից հեռու: Ու թեպետ բարձրագույն կրթությունն ստացել ես մայրաքաղաքում, այդուհանդերձ, համալսարանն ավարտելուց ու դիպլոմը ձեռքդ վերցնելուց հետո հասկացել ես մի բան. հայկական արևի տակ տեղ ունենալու համար պետք է ամուսնանալ, այն էլ լավ տան տղայի հետ: Այդ թեման կազմում էր հարևանների, բարեկամների և ընկերուհիների՝ մի խոսքով քեզ շրջապատող աշխարհի դիսկուրսը ձևավորող խոակցությունների առանցքը: Ինչքան տունը լավ, այնքան՝ ստատուսդ բարձր: Լավ տուն ասվածն էլ չափվում էր տարբեր պարամետրերով, զորօրինակ, որտեղ են աշխատում պոտենցիալ հավակնորդի ծնողները, կամ հավակնորդն ինքը, ինչ տուն-տեղ ունեն, ինչ կապեր և այլն: Ուրիշ խոսքով՝ չափման միավորը նյութական էր, հիմքում ունենալով բարեկեցության աստիճանը, այսինքն՝ դասային պատկանելությունը:

Բայց դու դեռևս համաձայն չես իրերի այդպիսի դրվածքի հետ, որովհետև ծնվել ես Սովետական Հայաստանում, որտեղ բոլորը հավասար էին: Այդ հետո դու կհասկանաս, որ որոշ մարդիկ ավելի հավասար էին և են, քան մնացածները: [1] Իսկ մինչ այդ դու աշխատում ես հարմարվել հանրային դիսկուրսի թելադրած կանոններին, իսկ ներքին կոնֆլիկտի պատճառները փնտրում միայն քո ներսում:

Եվ ուրեմն, դու դեռ չգիտես, որ տուն մաքրելն ու ճաշ եփելը բոլորովին էլ բնականորեն սահմանված չեն կնոջ համար: Այդպես ուղղակի հարմար էր: Կապիտալի կուտակման համար: Երբ արդյունաբերությունն սկսեց զարգանալ ու մարդիկ համատարած սկսեցին գյուղերից միգրացվել քաղաք՝ կապիտալիստները հանկարծ հասկացան, որ այն տղամարդը, որն ուտում է տանը պատրաստված ճաշ ու որի մասին տանը հոգ տանող կա, ավելի պրոդուկտիվ է աշխատում:[2] Սա սկիզբ դրեց կանանց ոչ միայն աշխատաշուկայից դուրս մղելու գործընթացին՝ դրանից բխող տնտեսա-ֆինանսական ամենատարբեր կախվածություն ունենալու հետևանքներով, այլև կանանց դիտարկեց որպես տղամարդուն օժանդակող ուժ: Այսինքն, կարևորը, հիմնարարը, առանցքայինը տղամարդն է, իսկ կինը կարող է օժանդակել: Որովհետև հիմնական եկամուտ բերողը տղամարդն է: Որովհետև, փաստորեն կապիտալը և նրա օրենքները սահմանում են տղամարդիկ, և հետևաբար՝ սահմանում իրենց շահերը սպասարկող պայմաններ, ըստ այդմ՝ տնային տնեսուհու ու դայակի պարտականությունները դնում կանանց վրա: Ընդ որում համարելով, որ կնոջ սուրբ պարտականությունը տան կարգուկանոնին հետևելն է ու ընտանիքի անդամների մասին հոգ տանելը: Ու դա ոչ միայն չի արժևորվում, այլև համարվում է կնոջ ինքնության անքակտելի մաս:

Սակայն, հանկարծ, պատերազմների ժամանակ, երբ աշխատուժի պակաս է լինում, կանանց ընդգրկում են ամենուր, այդ թվում՝ ծանր հանքարդյուբերությունում, որը ավանդականորեն համարվում է տղամարդու գործ: Իսկ պատերազմների ավարտից հետո նրանց կրկին դուրս են մղում այդ ոլորտից: Փաստացի, կապիտալի կուտակումը հիմնված է կնոջ շահագործման վրա: Եվ նրանք երջանիկ են շահագործվելու, որովհետև այդպես է իմաստավորում նրանց գոյությունը: Այն գոյությունը, որն իմաստավորվել ու կյանքի է կոչվել տղամարդու կողմից: Տարբեր միջոցներով, օրինակ, զանգվածային լրատվամիջոցներով կամ պետական քաղաքականությունը, որոնցով էլ ձևավորվում է մեյնսթրիմի կողմից լայնորեն փողհարվող դիսկուրս։

Սրանք իհարկե օրինակներ են Արևմտյան ֆեմինիզմի պատմությունից, որը համարվում է դասական՝ այսպիսով մեկ այլ գիտակարգում սահմանելով նորմի տեղն ու դիրքը իրադարձությունների զարգացման ծիրում ու ըստ այդմ քո երկրի պատմությունը դիտարկում այդ նորմի ու դրանից բխող տարբեր հարաբերակցությունների միջավայրում որպես ստորադաս կամ ավելի ճիշտ ՝ պակաս կարևոր: Այսինքն նորմի տեղն ու դիրքը Արևմուտքում է։[3] Մնացյալը սոսկ ածանցյաներ են։ Այս օրինակները դու կսերտես, երբ հայացքդ հառես Արևմուտք, որը քո երկրում ու համայն աշխարհում տարփողվում է որպես արդարություն, ճշմարտություն և հավասարություն բարբառող մունետիկ:

Հետո, սակայն, հանկարծ, շատ հանկարծ ինչ-որ բան կփոխվի: Երբ կզգաս, որ ինչ-որ բան այնպես չէ: Երբ տարիքի փորձն ու հանրային դիսկուրսի շերտերի ուսումնասիրության անձնական փորձառությունը կհանգեցնեն այն մտքին, որ ներքին անհամաձայնությունների պատճառը բոլորովին էլ պետք չի փնտրել ներսում: Ավելի ճիշտ՝ միայն ներսում: Վասնզի այդ ներսը անկախ ու վակուումում դրված բան չէ, այլ ձևավորվել ու ձևավորվում է դրսի ուղիղ և անմիջական ազդեցության ներքո՝ այդ դրսի հետ ուժային ամենատաբեր հարաբերակցություններ ունենալու արդյունքում: Այդ ուժերից մեկը ծնող ֆակտորը կոչվում է դասակարգ: Սա այն դասակարգն է, որի մասին անցել ես դպրոցում ու, որը ուղիղ կապ ունի կապիտալիզմի, ինչպես նաև Մարքսի հետ: Այն դասակարգը, որի մասին այսօր բոլորը չգիտես ինչու մոռացել են:

Դու այդ մասին կհիշես այն ժամանակ, երբ ընտանիքիցդ անջատ ապրելու փորձի արդյունքներում հասկանաս, որ ինքնուրույն միավոր դառնալու ու անկախ Հայաստանի արևի տակ քո տեղը վաստակելու համար միջոցներ չունես: Ավելին: Դու ժամանակակից աշխատաշուկայում մրցունակ չես: Դու չգիտես անգլերեն: Ամենակարևորը: Ու դա փակում է քո առաջ բազմաթիվ դռներ: Իսկ դու վաղուց արդեն 25 տարեկան չես ու կորցրել ես քո հենման կետը: Թեպետ երկրագունդը շրջելու ոչ մի մտադրություններ ի սկզբանե էլ չկային:

Ու այդ ժամանակ է, որ կսկսես որոշ հարցադրումներ անել կյանքի, մարդկանց, իրավիճակի ու այդ երեքի միջև եղած բարդ փոխհարաբերությունների մասին: Ավելին՝ դու կխնդրականացնես այդ փոխհարաբերությունները սահմանող գիտելիքի բնույթն ու ցանկացած բանի բնական լինելը: Այդ հարցադրումների պատասխանները գտնելու ճանապարհին դու կսովորես բազմաթիվ եզրեր, որոնցից են, օրինակ, պատումն ու դիսկուրսը:

Ինչի համա՞ր են պատումները: Կհարցնես դու: Ինչ որ մեկը կպատասխանի, որ առանց դրա կյանքն անիմաստ է: Դու կմտածես, որ դրա հետ կարելի է համաձայնել  կամ՝ ոչ: Համաձայնությունից չհամաձայնության արանքում իմաստի մասին որոնումները հանգեցրել են նրան, ինչին հանգեցրել են: Այսինքն ճյուղավորված ու զարմանազան իզմերից բաղկացած մի հսկա գիտության ձևավորմանը: Որը իմաստի վերագրման ու դրանք ձեռք բերելու ուղիները խստորեն սահմանափակել է: Իմաստի և, հետևաբար, սուբյեկտի ինքնության սահմանման ճանապարհն անցնում է գենդերացված ու տարատեսակ սահմանափակումների արահետներով:

Ծնված լինելուց մինչև մեռնելն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ դեպքեր են պատահում, բայց ամենակարևորը այդ երկու դեպքերն են: Ծնվելն ու մեռնելը: Քո ծնված լինելը սակայն ավելի պակաս կարևոր էր, քան մեկ ուրիշինը: Կային և՝ կան ավելի կարևոր ծնունդներ, ավելի կարևոր կյանքեր ու ավելի կարևոր մահեր: Դու ծնվել էիր աղջիկ, ընդ որում՝ անապահով խավի, այսինքն՝ անկարևոր ընտանիքում: Տարիներ առաջ դու այս կատեգորիաներով չէիր մտածում, վասնզի Սովետական Հայաստանում բոլորը՝ այդ թվում կանայք ու տղամարդիկ հավասար էին, այնտեղ չկային հարուստներ ու աղքատներ:

Անկարևոր տան աղջիկ: Մոխրոտիկի մասին պատումը պատահում է միայն տեքստերում, ու դրանից դուրս՝ կյանքը քո համար այլ բաներ էր պատրաստել: Կյանքը քո ականջին շշնջալու էր, որ Մոխրոտիկի մասին պատումը գենդերացված է՝ կառուցված հիերարխիկ արժեհամակարգի վրա, որը կերտում է կարևորության տարբեր աստիճաններով օժտված սուբյեկտներ:

Դու կփորձես պարզել, թե ինչպես է դա պատահում: Դրա համար կորոշես, որ ժամանակն է նորից սովորելու ու հայացքդ կհառես դեպի Արևմուտք: Մոտավորապես այնպես, ինչպես քո երկրի պատմության ակունքում կանգնած բոլոր կամ գրեթե բոլոր այրերը, որոնք կրթվում էին Արևմուտքում: Որովհետև Արևմուտքում է ստեղծվում օրինակելի գիտելիքը:

Եվ ուրեմն դու կսովորես Արևմտյան մի համալսարանում ու որոշ դասեր սերտելու արդյունքում կհասկանաս, որ կարևորի ու անկարևորի մասին պատումը կառուցված է: Դիսկուրսի միջոցով: Աղքատ աղջիկ: Սա պարզապես ինչ-որ բառակապակցություն չէ՝ կազմված գոյականի ու դրա հատկանիշները բնութագրող ածականի համադրությամբ: «Աղքատ» և «աղջիկ» նշանակիչները (signifiers) մատնացույց են անում պատկանելություն երկու տարբեր կատեգորիաների՝ դաս և գենդեր, որոնց հատույթում էլ կերտվել է քո ինքնությունը: Սրան նաև պետք էր գումարել քո սովետահայ անցյալը, երբ քո ինքնությունը կերտվում էր հիմնված լինելով՝ կենտրոնից դեպի ծայրամաս՝ կարևորության նվազման սկզբունքի վրա:

 Դու իհարկե այդ մասին միշտ էլ գիտեիր, սակայն չէիր էլ մտածել, որ այդ գիտելիքը օդից ընկած չէր, այլ խնամքով մտածված ու դիսկուրսի ստեղծման ամենատարբեր եղանակներով սերմանված էր հանրության տարբեր շերտերում: Այդ մասին դու կիմանաս, երբ թեզիդ համար որոշ լրագրերի հետազոտության ընթացքում կարդաս հետևյալ տողերը. «…միայն ֆրանսիացի պրոֆեսոր Բուդինն էր, որ առաջին անգամ դա նկատեց այդ: Դրանից հետո մանուկների մահացության դեմ սկսեցին կռիվ մղել ՆԱԽ Եվրոպայի, ԱՊԱ՝ (ընդգծումն ավելացված է)Ռուսաստանի բժիշկները»։[4] Փաստացի, Խորհրդային Միությունը, որն ստեղծվելիս միջազգային հանրությունում առաջնային նշանակության տերության հայտ էր ներկայացնում, այդուհանդերձ, իր մաս կազմող սուբյեկտների կողմից ընկալվում էր որպես Արևմուտքի նկատմամբ երկրորդային: Կարևորության, իսկ ավելի ճիշտ Արևմուտքի կարևորության մասին տեսություն կար, որի հիմնադիրներից մեկը մատնանշում էր հենց այդ խնդիրը. «նախ Եվրոպայում, ապա՝ այլուր»:[5] Նա ասում էր, որ այս պատումը, փոխառնվում էր ոչ Արևմտյան ազգային հանրույթների կողմից, որոնք փոխարինում էին Եվրոպան տեղային կենտրոնով, ասենք, Ռուսաստան, Մոսկվա, իսկ մնացածներին այդ կենտրոնի նկատմամբ դիտարկում որպես երկրորդային:[6]

Իհարկե, դու հասկանում ես, որ Բրիտանիայի կողմից Հնդկաստանի գաղութացման օրինակի հիման վրա ստեղծվող տեսությունը չի կարելի վերցնել և նույնությամբ կիրառել Սովետական Միության պարագայում, այդուհանդերձ, նմանության աղերսները շատ են, իսկ որ ավելի կարևոր է՝ դու տեսնում ես տեղանքը որպես կարևորության տարբեր աստիճաններով օժտված սուբյեկտներ կերտող կատեգորիա:

Ինչո՞ւ են պետք բոլոր տիպի կատեգորիաները: Կմտածես դու: Կատեգորիաները պետք են, որպեսզի համապատասխան իմաստներ վերագրվեն: Օրինակ, սպիտակ մարդն ավելի կարևոր է, քան՝ սևը: Կամ՝ տղամարդն ավելի կարևոր է, քան՝ կինը: Ովքե՞ր են որոշում իմաստներն ու դրանք վերագրում համապատասխան կատեգորիաների: Այստեղ է, որ կհասկանաս՝ գիտելիքը գենդերացված ու դասայնացված է: Ինչո՞ւ ոչ ոք Մարքսիզմը տարբեր տեսանկյուններից քննադատելուց զատ չի խնդրականացնում Մարքսի այն հայտնի արտահայտությունը, որ «նրանք չեն կարող ներկայանալ, նրանց պետք է ներկայացնել»:[7] Ո՞վ է մարդկային մի խմբին տվել՝ մեկ այլ խմբին ներկայացնելու իրավունքը: Ճիշտ նույնպիսի կամ համանման հիմքով էլ տղամարդիկ որոշել են, որ կանայք պաշտպանության կարիք ունեն, որովհետև ֆիզիկապես փխրուն են և այլն: Մնացածը լավ հայտնի է: Կամ՝ որ Արևմուտքի սրբազան պարտականությունն է կրթել, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքակրթել Արևելքը, վերջինիս բնորոշելով որպես հետամնաց, վայրենի բնույթով տարր:

Պետք էր ուրեմն փոխել կարևորի նշանակյալը  կամ ուղղակի հնարել նոր նշանակիչ: Չէ՞ որ արդեն հասկացել էիր. կարևորի մասին գիտելիքը գենդերացված է: Մարմինները՝ նույնպես: Նույնիսկ՝ աղեստամոքսային տրակտը:[8] Վերջերս էր, որ հայտնաբերվեց. ոսկորները նույնպես գենդերացված են:[9] Բայց մենք ամեն օր կամ տարի, կամ միգուցե, ժամանակ առ ժամանակ, նոր եզրեր ենք հորինում, որպեսզի փաստարկենք մեր գոյության լինելիությունն ու նրան հակադրենք չլինելիության մասին այլազան դիսկուրսներ: Չէ՞ որ ստեղծվեց «գենդեր» նշանակիչը, կամ ավելի ճիշտ՝ փոխվեց նրա նշանակյալը, ու որն էլ առաջ բերեց ուրիշ դիսկուրս: Սակայն միթե՞ դրանից փոխվեց իրերի դրությունը: Կապիտալիզմը, որն այժմ ներկայանում է նեոլիբերալ դեմքով, բազմագլուխ վիշապի տեսք ունի, որ երբ մի գլուխն ես կտրում՝ փոխարենը մի քանիսն են աճում, կամ էլ՝ փոխակերպվում այլ գլխի: Այն սեփականացրեց ֆեմինիզմի ձեռ բերումներն ու կանանց շահագործումը մի ձևից փոխակերպվեց մեկ ուրիշի:[10] Կանանց առջև՝ այո, բաց են բազմաթիվ դռներ, սակայն մի՞թե դա նրանց ազատում է իրենց տնային «պարտականություններից»: Նրանք ինչպես առաջ, այնպես էլ հիմա համարվում են տղամարդկանց ստորադաս սուբյեկտներ: Հատկապես, որ քաղաքական օրակարգերը որոշվում են արական դոմինանտությամբ: Փոխվել է փաթեթավորումը, ինչպես ասում են, սակայն չի փոխվել բովանդակությունը:

Բացի դրանից, գենդեր նշանակիչը շրջանառության մեջ դնելուց հետո անցած տասնամյակների ընթացքում, իհարկե, կանայք սկսեցին ավելի տեսանելի դառնալ հանրային որոշ օղակներում: Նրանք ստեղծեցին նոր դիսկուրս, որը, թեպետ հանդիպելով հզոր դիմադրության, աստիճանաբար սկսեց ճանապարհ հարթել իր համար: Սակայն ովքե՞ր էին և՝ են այդ կանայք: Կհարցնես դու: Հիմնականում միջին դասը ներկայացնող կանայք, որոնց մեկնարկային պայմանները շատ տարբեր են նրանից, որտեղից սկսել ես դու:

Դա այնքան էլ սարսափելի չի թվա քեզ, որովհետև դեռևս փոքր տարիքից դու սովորել ես հենվել միայն ինքդ քո վրա: Սակայն վատ նորությունն այն է, որ կհասկանաս. ոչ բոլոր «անկարևոր» աղջիկներն են, որ քո չափ աննկուն ու անկոտրում կամք ունեն: Նրանց գերակշիռ մասը՝ իրենց հմտություններն ու գիտելիքները զարգացնելու համար, միջին դասի կանանց հետ մեկնարկային հավասար պայմանների կարիք ունեն: Իսկ ամենավատ նորությունն այն է, որ հենց այդ անհավասար պայմանների պատճառով լավագույն համալսարաններում, իսկ հետո՝ ակադեմիայում, հայտնվում են հենց այդ՝ ավելի կարևոր կանայք, ու ըստ այդմ, ստեղծում՝ անհավասար պայմաններ արտացոլող գիտելիք:

Գիտելիքը ոչ միայն գենդերացված է, այլև՝ դասայնացված: Բացի այդ, կենտրոնում, այսինքն Արևմուտքում ստեղծված գիտելիքն ավելի կարևոր է ու հարգի, քան՝ ծայրամասում, ասենք, օրինակ Հայաստանում ստեղծվածը: Այդ գիտելիքը ոչ միայն արտահայտում է մարդկային որոշ՝ նեղ խմբի շահերը, կարծիքները, դիրքորոշումն ու գոյության կերպը, այլև ստեղծված է հենց նրանց կողմից և հենց նրանց համար: Նոր տիպի գիտելիքի կարիք կա: Կհասկանաս դու: Արմատապես տարբեր նրանից, որ գոյություն ունի այժմ:

 

 

[1] Հղում Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» վիպակում արտահայտված հայտնի արտահայտությանը․ «Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան erence to George Orwell’s famous quote from Animal Farm: "All animals are equal, but some animals are more equal than others.” (Secker & Warburg, 1945).

[2] Heidi Hartmann, “The Unhappy Marriage of Marxism and Feminism. Towards a More Progressive Union.” [1981], in: The Second Wave. A Reader in Feminist Theory, Linda Nicholson (ed.), (New York, London: Routledge 1996), 97–122.

[3] Հղվելով «Արևմուտք» եզրին, ես հասկանում եմ, որ այն շատ ընդհանուր է և չի արտացոլում Արևմուտքում առկա տարբեր շերտերն ու դրանց միջև եղած բարդ փոխհարաբերությունները։ 

[4] «Հայաստանի աշխատավորուհի», համար 2-3, էջ 26։

[5] Dipesh Chakrabarty, Provincializing Europe: Postcolonial Thought and Historical Difference (Princeton: Princeton University Press, 2009), 23.

[6] Նույն տեղում։

[7] Karl Marx, “The Eighteenth Brumaire of Louis Bonaparte” in Die Revolution, (New York: 1852), 62.

[8] Elizabeth Wilson, “The Brain in the Gut” in Psychosomatic: Feminism and the NeurologicalBody. (Durham: Duke University Press, 2004). 31-47.

[9] Anne Fausto-Sterling, “The Bare Bones of Sex,” Part 1—Sex and Gender, Signs 30(2), 2005, 1491-1527.

[10] Nancy Fraser, “Feminism, Capitalism, and the Cunning of History,” New Left Review, 56, (March-April), 97-117.