Ի՞նչ քաղաքական աշխատանք են կատարում Հայաստանի ֆեմինիստները։ Մի ֆեմինիստ բնապահպան ակտիվիստ և նրա մեկ այլ համաքաղաքացի բաց նամակներ են հղում՝ հրաժարվելով ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ծառայություններից և պահանջելով, որ իրենց բաժին հարկերը ֆինանսների նախարարությունն ուղղի կրթության զարգացմանը (Շահնազարյան 2016, Հովսեփյան 2017)։ Արվեստագետների, գրողների, մշակութային քննադատների և գործիչների մի կոլեկտիվ ստեղծում է այլընտրանքային լեզու, պերֆորմանսներ (ներկայացում) և ցուցահանդեսներ՝ վիճարկելու համար մեր մտածողության և կյանքի սովորութային ձևերը (առկա իրադրությանը հանձնվելն ու սատարելը), որոնք ենթարկվում են հնարավոր չկյանքի վերահաս սպառնալիքի մասին գերիշխող դիսկուրսներին և սնում դրանք։ Ապագայի այս սպառնալիքը Բրայան Մասումին կոչում է «վտանգի չիրականացած ավելցուկ», որ գալիքն ավելի վատն է լինելու, քան մեր՝ ներկայում ապրածը (Massumi 2010)։[1]
Ֆեմինիստների մի խումբ աշխատում է կոլեկտիվ հեքիաթագրության և փորձի փոխանակման վրա՝ ստեղծելով այլընտրանքային տարածքներ, որտեղ գիտելիքը կարող է ծնվել հավաքական ջանքով՝ առանց անհատական հեղինակության։ Սա ընդլայնում է ապրելու և իրար առնչվելու տարբեր ուղիների մասին պատկերացումները գիտելիքի այլընտրանքային ձևերի շնորհիվ. ստեղծագործական և երևակայական ձևեր, որ մենք՝ մարդիկս, արդեն իսկ ունենք, բայց վերահաս վտանգի ռեժիմի պայմաններում մեզ սովորեցրել են չվստահել դրանց[2]։
Ոմանք պատմականացնում են մեր ֆեմինիստական ժառանգությունը՝ մեր գիտակցության դարակներում տարածություն ստեղծելով Զաբել Եսայանի, Շուշանիկ Կուրղինյանի, Սիբիլի, Սրբուհի Տյուսապի և մյուսների համար[3]։ Մարդիկ ֆեմինիստական տեքստեր են թարգմանում։ Մարդիկ ֆեմինզմի յուրացման մասին են գրում այս կայքի էջերում և այլուր[4]: Մարդիկ համարձակվում են խոսել զինված ուժերում առկա կոռուպցիայի մասին, հաշվետվություն պահանջել հարաբերական զինադադարի պայմաններում զոհված զինվորների կյանքերի համար։ Գիտնականները, հետազոտողներն ու բնապահպանները, որ աշխատում են Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հետ, այլընտրանքային հանրային փորձագիտական գնահատում են իրականացնում Ամուլսարի ոսկու հանքի բնապահպանական ազդեցության մասին (Ամուլսար 2017)։ Այս գնահատականը մատնանշում է իրազեկ որոշումների կայացման այլընտրանքային հնարավորությունների և ձևերը, որ համատեղ իրականացնում են Հայաստանի քաղաքացիները, երբ կառավարությունը չի գործում «հանրության լավագույն շահից» ելնելով (Շահնազարյան, անձնական նամակագրություն 2017թ․, դեկտեմբերի 15)։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան (այսուհետև՝ Կոալիցիա) պահանջում է փոփոխության ենթարկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց և ընտանիքում համերաշխության վերականգնման համար» վերտառությամբ օրենքը, որի նախորդ տարբերակը վերնագրված էր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»։ Կոալիցիան մատնանշում է, որ «ընտանեկան բռնություն» ձևակերպումից անցումը «բռնություն ընտանիքում» ձևակերպմանը հակասում է ընտանեկան բռնության մասին միջազգային համաձայնություններին, որ ստորագրել է Հայաստանը (Կոալիցիա 2017)։
Կոալիցիան (2017) ուշադրություն է հրավիրում «համերաշխության» և «հաշտեցման» խնդրահարույց շեշտադրման վրա. ձևակերպումներ, ըստ որոնց՝ բռնության աղբյուր հանդիսացող կողմը և դրանից տուժող կողմը հավասար են, ինչը անտեսանելի է դարձնում ուժային անհավասարակշռությունը։ 2017-ի նոյեմբերին Կոալիցիան պահանջում է, որ «ընտանեկան բռնություն» տերմինը վերականգնվի, և օրինագծից հեռացվեն «ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգնման» արտահայտությունը, «իրական» բառը՝ «հոգեբանական բռնություն» սահմանումից, և «համերաշխությանն» ու «հաշտեցմանը» վերաբերող բոլոր կարգավորումները (Կոալիցիա 2017)։ Մարդիկ հանդգնում են խոսել կյանքի և խաղաղության մասին։ Խաղաղ կյանքի մասին։ Սա միայն մասնակիորեն է թվարկում այն քաղաքական աշխատանքները, որ Հայաստանի ֆեմինիստների ուշադրության կենտրոնում են, և չի ընդգրկում աշխատանքների ողջ ծավալը մեր ապրած ժամանակներում։
Ի՜նչ ժամանակներում ենք, է՛, ապրում, երբ տարբեր տեղերից եկող կորպորացիաներն ու տեղական օլիգարխները գաղութացնում են բնությունը՝ շահագործելով և քամելով Հայաստանի բնական պաշարները (ՀԲՃ 2017)։ Ի՜նչ ժամանակներում ենք, է՛, ապրում, երբ Հայաստանի գյուղատնտեսությանն առնչվող գործարար ժողովում Հայաստանում ամերիկյան դեսպանությունը ներկայացնում է «Մոնսանտոյին»՝ մի կորպորացիա, որը, հավանաբար, ամենալավը հայտնի է իր գենետիկորեն մոդիֆիկացված սերմերով և հերբիցիդներով, որոնք վնասում են բերքը տարբեր վայրերում: Այն նաև հայտնի է սերմերի պատենտավորմամբ, որ խոչընդոտում է տեղի մանր տնտեսություններին ինքնուրույն կերպով սեփական սերմեր բուծել` զրկելով մարդկանց իրենց ապրուստից (Khachatourian 2017)։ Ի՜նչ ժամանակներում ենք, է՛, ապրում, երբ Հայաստանի Ազգային ժողովն օրենք է ընդունում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց և ընտանիքում համերաշխության վերականգնման համար»՝ «ընտանեկան բռնության դեմ» օրենքի փոխարեն։ Ի՜նչ ժամանակներում ենք, է՛, ապրում, երբ յուրաքանչյուր քաղաքացու օրենքով պարտադրում են ամեն ամիս ֆինանսական ներդրում ունենալ զինված ուժերում` անկախ նրա եկամուտից: Ի՜նչ ժամանակներում ենք, է՛, ապրում, երբ Հայաստանում խաղաղության մասին խոսելը հարցականի տակ է դնում քո մարդկայնությունը, թե՞ պետք է ասեի՝ ազգայն(ական)ությունը։
Այս պայմաններում է, որ այս պահին Հայաստանում առանձնակի կարևորություն է ստանում ֆեմինիստական քաղաքական աշխատանքը, քանի որ հաճախ այս աշխատանքն ազդարարում է այնպիսի ազատության մասին, որ ամերիկաբնակ մարդաբան Էլիզաբեթ Պովինելիի (2015) բնութագրմամբ առաջարկում է «այլ կերպ լինելու պրակտիկա», ինչի միջոցով մարդիկ ոչ միայն դիմադրում են իշխանությանը, այլ նաև ձևավորում նոր սուբյեկտիվություն և որոնում իշխանությունից անկախանալու ձևեր (Hardt and Negri 2009, էջ 57)։ Ինձ մասնավորապես հետաքրքրում է այլ կերպ լինելու պրակտիկան, որ նախանշում է մի կյանք, որում ոչ մի անարդարություն մանր կամ երկրորդական չէ, անկախ այն բանից, թե այս ֆեմինիստական աշխատանքը համայնական պատմությունների, ֆեմինիստական տեքստեր գրելու և թարգմանելու, պերֆորմանսի ձև է ստանու՞մ, թե՞ դիմում է ուղղակի և անուղղակի գործողության՝ ընտանեկան բռնության, շրջակա միջավայրի ապականման և ռեսուրսների մսխման առնչությամբ[5]։ Այլ կերպ լինելու պրակտիկան, որն ինձ այստեղ հետաքրքրում է, «համերաշխության վերականգնումը» հանում է բռնությամբ լի ընտանեկան հարաբերություններից և տեղակայում շրջակա միջավայրում, քանի որ այս պրակտիկան այլ կերպ է հասկանում կյանքը։
Ուրեմն ի՞նչ ազդեցություն է առաջացնում այս այլ կերպ լինելու պրակտիկան։ Իր վերջին գործերում Պովինելին (2015) քննում է «նորովի ձևավորվող իշխանությունը», որը կյանքը կառավարելու փոխարեն տարբերակում է կյանքն ու չկյանքը։ Կյանքի ու չկյանքի միջև տարբերությունը բացատրելու համար Պովինելին (2015) առաջարկում է երեք կերպար.
ԱՆԱՊԱՏԸ, որ տիրապետող է իր ԱԾԽԱՀԵՆՔ ԿՅԱՆՔԻ պատկերով, ԱՆԻՄԻՍՏԸ, որ տիրապետող է ՆԱԽԱԲՆԻԿՆԵՐԻ իր պատկերով, ԱՀԱԲԵԿԻՉԸ, որ տիրապետող է ՎԻՐՈՒՍԻ պատկերով… Մինչ անապատն ընդգծում է այն, ինչ կենսազերծվել է կամ կարող էր վերածվել կյանքի (շարժիչի), անիմիստի համոզմամբ չկա կյանքի բացակայություն, քանի որ ամեն ինչ կենսական ուժ ունի. չկյանք չկա, որովհետև ամենը կյանք է։ Ահաբեկիչը անապատի և անիմիստի կերպարն է… կենսաանվտանգության ներկա ձևերի առումով։ [Povinelli 2015, էջ 170]
Այս երեք կերպարները համատեղելու համար Պովինելին դիմում է Ջիպելին՝ Ավստրալիայի Հյուսիսային տարածքի Անսոնի ծոցի մի բնիկի, քանի որ Ջիպելի համար «անապատի կերպարը իր ապագան է, անիմիստը իր ազատագրությունն է, իսկ ահաբեկիչը՝ իր պոտենցիալ ներքին թունավոր ժառանգը» (էջ 185)։ Պովինելին (2015) շտապում է նկատել, որ Ջիպելը «մի ժողովրդի» ներկայացուցիչ չի, այն ավելի շուտ դուրս է կենսիշխանությունից կամ կյանքի նկատմամբ իշխանությունից (Hardt and Negri 2009)։ Ըստ Հարությունյանի (2017) «Այստեղով անցել է Աստվածը» աշխատանքի՝ մյուս կողմից Նոյեմն է՝ երիտասարդ մի կին, որ ֆոսֆորափայլ է արձակում գիշերները, որին ծնողները հարկադրում են զննության ենթարկվել տարբեր վայրերից եկած տղամարդ այցելուների կողմից, վերջիվերջո կտոր-կտոր լինել և վաճառվել մահանալուց հետո՝ հանուն իր հոր և ընտանիքի։ Շատ առումներով նա ներկայացնում է Հայաստանը, «մի ժողովուրդ», ավելի ճիշտ՝ ծնված ու պայքարող ու Հայաստանում և այլուր բռնկված ցեղասպանության պատճառով չծնված սերունդ(ներ) (Ավագյան, անձնական նամակագրություն, 2017թ., նոյեմբերի 30)։
Երբ եվրոպացիները եկան աղջկան տեսնելու, դեռ միամիտ էին... Իսկ երբ տեսան, որ հազիվհազ ելած զառիվերի վերջում սկիզբ է առնում անպատկերացնելի ուղիղ մեկ այլ քարքարոտ զառիվեր, սատանի եղունգից էլ սև ու պինդ հրաբխային պալերով/ գուցե՝ սալերով/, որոնց արանքներում գալար-գալար պլպլում է ոսկու հանքաքարի երակը, նրանցից մեկը հայհոյեց ու լացեց…» [Harutyunyan 2017, 282, translated by Shushan Avagyan][1]
Ինչո՞ւ եմ Ջիպելին և Նոյեմին միատեղում այս գրելուս պահին՝ 2017թ դեկտեմբերին, չնայած որ նրանք տարբեր են՝ մեկը Ավստրալիայի բնիկ է, մյուսը՝ հորինովի պերսոնաժ Հայաստանում։ Նոյեմն էլ է Ջիպելի նման այս բոլոր կերպարները համատեղում։
Նոյեմը «հայկական ավանդական ընտանեկան արժեքները վերականգնելու» օրենքում է։ Նոյեմը Ամուլսարի ոսկու հանքն է։ Նոյեմը նաև անորսալի անիմիստն է ու ահաբեկիչը, որովհետև եթե այնպես է պատահել, որ քաղաքականապես ակտիվ կին ես Հայաստանում, քո պայքարը դադար չի ունենալու։ Քեզ միշտ կհիշեցնեն (տանը, փողոցում, աշխատավայրում, սոցցանցերում), թե որն է կնոջ կոչումը, հա՛յ կնոջ կոչումը, որ քո իսկ անվտանգության համար պիտի ուզես տանը մնալ, որ քո տարիքի կինը (տեսնես՝ ո՞ր տարիքից սկսած) պիտի արդեն մտածի տունուտեղ դնելու, ամուսնանալու՝ ազգ-բանակի, կամ մեռնողների, կամ չծնվողների, կամ արտագաղթողների թիվը վերականգնելու նպատակով երեխա ունենալու մասին, կամ պարզապես, որովհետև դա է քո կոչումը, ոչ թե փողոցները չափելը կամ էլ անհասկանալի նախաձեռնությունների ու միջոցառումների մեջ խցկվելը; Որ մարդկային արարածներ արտադրես՝ բռնության հաջորդ փուլի համար, որում ոչ ոք չի կարող խոսել խաղաղությունից, եթե դա կազմածդ (հետերո) ընտանիքում հաշտեցման մասին չէ, որտեղ ընտանեկան բռնության ես ենթարկվել, քանի որ արդեն օրենք ունենք, որի նպատակն է «ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումը» (սա նշանակո՞ւմ է, որ բռնությունն ավանդական է)։
Ուրեմն ի՞նչն է վտանգվում, երբ վերաիմաստավորում ենք տան գաղափարը (վկայակոչելով ահաբեկչի կերպարը), ինչպես քուիր սփյուռքերով հետաքրքված գիտնականներն են առաջարկում՝ հեռանալով «ծագման, սերման և ժառանգական… հիմունքներով ստեղծվող համայնքներից» դեպի «հանգման կետի, նվիրման» հիմունքներով ապրող համայնքներ, որոնց հիմքում նույն «սոցիալական պրակտիկան է և քաղաքական հանձնառությունները» (Eng, Halberstam, Muñoz 2009, 7)։ Ի՞նչն է տեսանելի դառնում։ Եթե ուշադիր լսենք, ֆեմինիստների քաղաքական գործը թույլ է տալիս կենսական ուժեր տեսնել այն տեղերում, որ մինչ այդ փակ էին որպես անապատ, և թույլ է տալիս հարցադրումներ անել, որ «չիրականացված վտանգի ավելցուկի» պայմաններում անպատշաճ են ու հարցնելիք չեն։
Ուրեմն ինչո՞ւ է հավաքական հոգածությունը կարևոր ֆեմինիստական քաղաքական աշխատանքի պահպանման և ապագայի տեսլականի համար։ Ամերիկյան սևամորթ ֆեմինիստ հեղինակ Օդրի Լորդը (1978) հիշեցնում է ուրիշների հետ կիսվելու բերկրանքը, որ միավորում է կիսվողներին, որը պատուհան է բացում՝ հասկանալու համար, թե ինչն է, որ չի ճանաչվել կամ որից բաժին չի հանվել, և «նվազեցնում է նրանց տարբերությունների սպառնալիքը» (էջ 56)։ Քաղաքական մարդաբան Դեբորա Թոմասը առաջարկում է խորհել ներքուստ տեղի ունեցող փոփոխությունների քաղաքականության և հոգածության ազդեցիկության մասին, երբ նշում է, որ «ամենահեղափոխական տրանսֆորմացիաները բխում են ներքին ճանաչումից և գիտակցության փոփոխություններից, որ ծփում են մեկից մյուսին՝ անսպասելի և ոչ միշտ միագիծ ձևով» (Thomas 2015)։
Հոգածության այս ազդեցիկության մասին էր խոսում Անին՝ Հայաստանում քաղաքական աշխատանքում ներգրավված մի ֆեմինիստ, երբ ինձ ասում էր, որ միշտ ցանկացած քաղաքական գործ ընկերովի է անում։ <<Միասին աշխատելու, տարաձայնությունների, հիասթափությունների ու բերկրանքի միջոցով է, որ անձն աճում ու վերափոխվում է ուրիշների հետ համատեղ>>,- նշում էր Անին։ Թոմասը (2015) արտացոլում է նաև իմ զրուցակիցներից ֆեմինիստ բնապահպան Արաքսի մտքերը, որի կարծիքով «խմբային հոգածությունը վստահության ավելի մեծ զգացում է առաջացնում», որը վերարտադրվող է և «միասին աշխատելիս օգնում է խմբի անդամներին՝ ավելի հոգատար լինել իրար նկատմամբ»։ Իմ քաղաքականապես ակտիվ զրուցակիցները հաճախ էին խոսում այն բերկրանքի մասին, որ ապրում են սոցիալականությունից, հորիզոնական կառուցվածքով համախոհների խմբերում իրար հետ աշխատելուց, փորձառության փոխանակումից, միասին գիտելիք ստեղծելուց և նոր իմաստների ստեղծումից։ Իրար ձայնի ու երևակայության նկատմամբ ուշադիր` գիտելիքի, փորձի, պարի, հացի, ջրի, ծիծաղի համատեղ ստեղծումն ու փոխանակումն է կազմում այն հավաքական հոգածությունը, որը դիմակայում է հյուծվելուն ու սպառվելուն, ինչը հաճախ անբաժան է քաղաքական աշխատանքից։
Հայաստանում քաղաքականապես ակտիվ մարդիկ, մասնավորապես կանայք, հաճախ են խոսում burnout-ից («բըրնաութ»՝ հուզական այրում կամ սպառում) և առողջական բարդությունների ձևով դրա ֆիզիկական դրսևորումներից։ Սակայն ոչ բոլորն են համաձայն burnout եզրույթի հետ։ Օրինակ, Անիի կարծիքով, burnout-ը ենթադրում է մեքենա, որ կարող է այրվել, այնինչ մարդիկ մեքենաներ չեն։ <<Փոխարենը,- ասում է նա,- այն, ինչ կոչվում է burnout, ապրածդ փորձառությունն է, այն տառապանքն է, որի միջով անցնում ես>>։ Բայց անկախ այն բանից, թե որքանով են համընկնում burnout-ի մասին պատկերացումները, շատերն են խոսում կոլեկտիվ աշխատանքի, սոցիալականության և հոգածության կարևորության մասին, քանի որ հոգածության ազդեցիկությունը անիմիստի կերպարի պես կենսատու ներուժ ունի` ստեղծարար։ Գիտեմ` ձայնս տաք տեղից է գալիս (այն է՝ փափուկ, հարմարավետ, արտոնյալ տեղից)։ Այդպես է, որովհետև այս տեքստը գրում եմ` սնվելով (ու սնելով) Ջիպելների ու Նոյեմների հետ իմ կապից։ Ուստի ավելս հեծած՝ սավառնում եմ և հայերեն հոլովում այս խաղաղություն գոյականը՝ խաղաղություն, խաղաղության, խաղաղությանը, խաղաղություն, խաղաղությունից, խաղաղությունով, խաղաղության մեջ։
[1] Պատմվածքից մեջբերումը բնօրինակ հայերենով է, հոդվածի հեղինակը այն մեջբերում է անգլերեն թարգմանությամբ։
[2] Տեքստն արծարծում է տարբեր լրատվամիջոցներից հավաքած նյութեր, ինչպես նաև քաղաքականապես ակտիվ մարդկանց հետ իմ հետազոտությունն այն մասին, թե ինչն է նրանց մղում գործողության։ Հետազոտությունը վարել եմ իմ ֆեմինիստ բնապահպան գործընկեր Աննա Շահնազարյանի հետ, 2016-2017թ.թ.։ Այն հնարավոր է դարձել Վերմոնտի Մալբորո քոլեջի շնորհած հետազոտական գրանտով, ինչպես նաև Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի աջակցությամբ, որին մասամբ սատարել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը։
[3] Այս տեքստում ես մասնավորապես ակնարկում եմ հայկական ֆեմինիստական ժառանգությունը ո՛չ թե այն տիրապետող միակ ֆեմինիստական ժառանգություն հռչակելու համար, այլ պատմության ընթացքում ջնջված ֆեմինիստական ժառանգության համար տարածություն բացելու նպատակով։
[4] Տես՝ Աննա Նիկողոսյանի «Ֆեմինիզմի յուրացումը, գենդերը, ռազմատենչությունը և ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը» հոդվածը այստեղ։.
[5] Ես գործածում եմ «նախանշող» բառը Կարլ Բոգսի ձևակերպմամբ, որով նա նկարագրում է մասնակիցների որդեգրած «վերջնական նպատակ հանդիսացող սոցիալական հարաբերությունների, որոշումների կայացման, մշակույթի և մարդու փորձառության» ձևերը (1977, էջ 100)։
Աղբյուրներ
Ahmed, Sara. 2017. Living a Feminist Life. Durham: Duke University Press.
«Դեկտեմբերի 12-ին կանցկացվի Ամուլսարում ոսկու հանքի ծրագրի այլընտրանքային հանրային փորձաքննում», Հայկական բնապահպանական ճակատ։ http://www.armecofront.net/mamlo-haghordagrutyunner/amulsar-alternative…
Հայկական բնապահպանական ճակատ։ http://www.armecofront.net/about-us/
Boggs, Carl, 1977. “Marxism, prefigurative communism and the problem of workers' control.” In Radical America 6:99–122.
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա 2017. «Դիտարկումներ և առաջարկություններ»։ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա, նոյեմբերի 16, 2017 http://coalitionagainstviolence.org/hy/օրինագծում տեղ գտած փոփոխություններ/
Eng, David, Judith Halberstam, José Esteban Muñoz. 2005. “Introduction: What’s Queer About Queer Studies?” Social Text 84-85, 23 (3-4): 1-17.
Hardt, Michael and Antonio Negri. 2009. Commonwealth. Cambridge. Mass.: Harvard University Press.
Harutyunyan, Susanna. 2017. “God Has Passed Through Here.” In Best European Fiction 2018, edited by Alex Andriesse, 281-289. Victoria, TX: Dalkey Archive Press.
Հովսեփյան Լուսինե. «Ես հրաժարվում եմ ԱԱԾ և Ոստիկանության ծառայություններից»։ Lakmoes.am , հունվարի 17, 2017։ Մուտք՝ դեկտեմբերի 15, 2017 http://lakmoes.am/iravunq/1719-2017-01-17-14-23-13?fb_comment_id=138542…
Khachatourian, Ara. 2017. “Why Monsanto in Armenia Should Raise Red Flags for Its Farmers.” In Asbarez.com. November 2, 2017. http://asbarez.com/168485/why-monsanto-in-armenia-should-raise-red-flag…
Lorde, Audre. 1978. Uses of the Erotic: The Erotic as Power. In Sister Outsider (53-59).
Freedom, California: The Crossing Press.
Massumi, Brian. 2010. “The Future Birth of Affective Fact: The Political Ontology of Threat.” In Affect Theory Reader, edited by Melissa Gregg and Gregory J. Seigworth, 52-70. Durham and London: Duke University Press.
Povinelli, Elizabeth A. 2015. “Transgender Creeks and the Three Figures of Power in Late Liberalism,” differences: A Journal of Feminist Cultural Studies 26(1): 168-187.
Շահնազարյան Աննա. «Ես հրաժարվում եմ ԱԱԾ և Ոստիկանության ծառայություններից, իմ վճարած հարկերը ուղղել կրթական համակարգին»։ Lragir.am, հուլիսի 29, 2016, մուտք՝ հուլիսի 30, 2016 http://www.lragir.am/index/arm/0/right/view/136822
Thomas, Deborah. “On the Poetics and Politics of Redress.” Presentation at a Symposium What are the Contemporary Debates around Restitution, Redress, and Reclaiming Heritage, Research Center for Material Culture, Leiden, Netherlands, November 2015.